«Հարավկովկասյան երկաթուղի» ՝ երեխաների կողքին

Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի նախօրեին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավանդույթի համաձայն նվերներ է պատրաստել դպրոցականների համար։ Ֆիոլետովոյի դպրոցի թվով 22 առաջին դասարանցիներին հանձնվել են դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ։

Նախաձեռնության շրջանակում նվերներ են պատրաստվել նաև դպրոցի 19 գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների համար, որոնք ուսման մեջ բարձր արդյունքներ են ցուցաբերել։ Այս նախաձեռնությամբ ՀԿԵ-ն ձգտում է աջակցել դպրոցականներին, խրախուսել նրանց ջանքերը, աշխատասիրությունն ու գիտելիք ձեռք բերելու ձգտումը։ Ամենամյա բարեգործական նախաձեռնությունը ՀԿԵ-ի սոցիալական գործունեության կարևոր ուղղություններից է և նպատակ ունի աջակցել մատաղ սերնդին, խթանել կրթության նկատմամբ հետաքրքրությունը և նպաստել երեխաների ուսման ու զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Բացի այդ, ՀԿԵ-ի արհմիությունը աջակցություն է ցուցաբերել ընկերության աշխատակիցների 90 երեխաների՝ առաջին դասարանցիներին, որոնց նույնպես տրամադրվել են դպրոցական անհրաժեշտ պարագաներ։
Ընկերության աշխատակիցների ևս 236 երեխաներ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով ուղարկվել են «Գուգարք» մանկապատանեկան ճամբար։

«Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպվել է նաև ՀԿԵ-ի աշխատակիցների երեխաների ամառային հանգիստը Մոսկվայի մարզում գտնվող «Ստարայա Ռուզա» մանկական առողջարանում։ Ամառային արշավի շրջանակում 13-16 տարեկան չորս երեխա օգոստոսին մասնակցել է 21-օրյա հերթափոխի։

Երեխաների հանգստի կազմակերպումը ՀԿԵ-ի համակարգված սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից է, որն ուղղված է աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների աջակցությանը։ Ընկերությունում գործում է կոլեկտիվ պայմանագիր, որը նախատեսում է սոցիալական երաշխիքների և արտոնությունների լայն շրջանակ։

Սոցիալական աջակցության հիմնական ուղղություններից են երեխաների ամառային հանգստի կազմակերպումը, երկաթուղայինների ընտանիքներին երեխայի ծննդյան, ինչպես նաև երեխաներին առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ ցուցաբերվող աջակցությունը, բժշկական աջակցությունը, անվճար երթևեկության իրավունքի տրամադրումը և այլ սոցիալական ծրագրերը։

ՀԿԵ-ն շարունակում է հետևողականորեն զարգացնել սոցիալական ծրագրերը՝ աշխատակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ հոգատարությունը դիտարկելով որպես կորպորատիվ քաղաքականության կարևոր բաղադրիչ և համախմբված ու կայուն կոլեկտիվի ձևավորման կարևոր գրավական։