Քաղաքացիական գիտակցության և զգոնության համար

Հայաստանի 9 մարզերում տեղակայված երկաթուղային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունը մի քանի հարյուր կիլոմետր է։ Այն գրավում է ոչ միայն հազարավոր զբոսաշրջիկների և երկաթուղու սիրահարների, այլև այն քաղաքացիների, որոնք փորձում են ապօրինի ճանապարհով հարստանալ։ Ցավոք, երկաթուղու գույքի գողության և հափշտակության դեպքերը բացառություն չեն։

Վերջերս նման դեպք է արձանագրվել Երևանի տարածքում գտնվող Քանաքեռ-Ալմաստ երկաթուղային հատվածում, որտեղ չարագործները, գողանալու նպատակով, կտրել են կոնտակտային ցանցը։ Հանցագործությունը կանխել է Ա.Ե. քաղաքացին, որը նկատել է կատարվող գործողությունը և այդ մասին տեղեկացրել իրավասու մարմիններին։ Արդյունքում երկաթուղուն հասցվելիք վնասը հասցվել է նվազագույնի, իսկ հանցագործությունը՝ կանխվել։

Քաղաքացիական ակտիվ դիրքորոշման, զգոնության, Քանաքեռ-Ալմաստ հատվածում կոնտակտային ցանցի հատվածները գողանալու նպատակով կտրող անձանց հայտնաբերելու և այդ մասին համապատասխան ծառայություններին տեղեկացնելու համար Ա.Ե.-ն պարգևատրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի անվանական ժամացույցով։

Նմանատիպ դեպք է տեղի էր ունեցել նաև ընթացիկ տարվա ապրիլին, երբ մի քաղաքացի նկատել է քարաթափում Սպիտակ-Նալբանդ երկաթուղային հատվածում և այդ մասին տեղեկացրել ԱԻՆ աշխատակիցներին՝ դրանով իսկ կանխելով գնացքի հնարավոր վթարը։