Հարավկովկասյան երկաթուղին բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձերը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձերը՝ 10%-ից մինչև 15% (ինժեներատեխնիկական և ղեկավար կազմ՝ բացառությամբ բարձր ղեկավար կազմի՝ 10%, արտադրական անձնակազմ՝ 15%)։

Աշխատավարձերի վերանայումը կատարվում է համակարգային հիմունքներով և ամրագրված է ընկերության կոլեկտիվ պայմանագրում։ Ինդեքսացիայի մեխանիզմը անմիջականորեն կապված է սպառողական գների աճի և մակրոտնտեսական կանխատեսումների հետ։ Այսպես, 2023 թվականից ընկերությունում ամեն տարի իրականացվում է ինդեքսացիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կանխատեսվող սպառողական գների ինդեքսի մակարդակով։ 2023-2025 թվականների ընթացքում ընդհանուր ինդեքսացիայի մակարդակը կազմել է 11%, իսկ ընթացիկ տարում ընդունվել է տարբերակված բարձրացման որոշում՝ մինչև 15%՝ առանցքային նշանակություն ունեցող մասնագիտությունների համար։


Հարավկովկասյան երկաթուղին վարում է ակտիվ սոցիալական քաղաքականություն, ընկերությունում գործում է կոլեկտիվ պայմանագիր, որը նախատեսում է սոցիալական երաշխիքների լայն շրջանակ և համարվում է հետխորհրդային տարածքում առավել զարգացածներից մեկը։ Ամեն տարի ընկերության արհմիութենական կազմակերպությունները աշխատակիցների սոցիալական աջակցության նպատակով ուղղում են շուրջ 250 միլիոն դրամ։ Գործող միջոցառումների թվում են՝ աշխատակիցների և նրանց երեխաների ամառային հանգստի կազմակերպում, երկաթուղայինների ընտանիքների առաջին դասարանցիներին աջակցություն, գնացքներով անվճար երթևեկություն, երեխայի ծննդյան դեպքում նյութական աջակցություն և այլ սոցիալական երաշխիքներ և պարտավորություններ։



«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, լինելով սոցիալական պատասխանատվություն կրող կազմակերպություն, հետագայում ևս շարունակելու է աշխատանքը՝ աշխատավարձերի և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։