Ներդրում ապագայի մեջ. ՀԿԵ-ում ընտրվել է Երիտասարդական խորհրդի ղեկավար կազմը
Նոր ընտրված ղեկավար կազմը նպատակ ունի զարգացնել ընկերությունում իրականացվող երիտասարդական քաղաքականությունը՝ նպաստելով երիտասարդ աշխատակիցների արդյունավետ ինտեգրմանը աշխատանքային միջավայրում, բարձրացնելով նրանց մոտիվացիան, խթանելով նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը և առաջնորդական հմտությունների զարգացումը, ինչպես նաև աջակցելով նորարարական մտածողությանը։
Երիտասարդական խորհուրդը նախատեսում է շարունակել ակտիվ միջազգային համագործակցությունը, ինչպես նաև իրականացնել կրթական և զարգացմանն ուղղված ծրագրեր։
ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը կարևորել է երիտասարդների հետ տարվող նպատակային աշխատանքը՝ ընդգծելով դրա նշանակությունը նրանց մասնագիտական զարգացման գործընթացում։
«Երիտասարդ մասնագետները պետք է տեսնեն կարիերային աճի հեռանկարները, նրանց անհրաժեշտ է ուսուցանել և նրանց հետ կիսվել մասնագիտական և կյանքի փորձով։ Այսօր ընկերությունում աշխատում է շուրջ 500 երիտասարդ մասնագետ, որոնց թվում կան թե՛ երկաթուղայիններ, թե՛ տասնյակ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ ապագա ղեկավարներ։ Ընկերությունը պարտավոր է նրանց ապահովել առավելագույն հնարավորություններով՝ մասնագիտական և կարիերային աճի համար։ Սա արժեքավոր ներդրում է Հայաստանի երկաթուղու և նրա մասնագետների ապագայի մեջ», — նշել է Ա. Մելնիկովը։
Նշենք, որ ՀԿԵ-ի երիտասարդական քաղաքականության շրջանակում ընկերության մասնագետները կրթություն են ստանում և բարձրացնում իրենց որակավորումը Հայաստանի և Ռուսաստանի բուհերում, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կորպորատիվ համալսարանում։ Բավականին ակտիվ են նաև միջազգային միջոցառումների շրջանակում շփումները։ Մասնավորապես, 2025 թվականի դեկտեմբերին ՀԿԵ-ի երիտասարդների ներկայացուցիչները ղազախ գործընկերների հրավերով մասնակցել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» ազգային ընկերության (Ղազախստանի երկաթուղային օպերատոր) երիտասարդական ֆորումին։