Արհմիությունը ամփոփեց աշխատանքները և նախանշեց հետագա գործունեության ուղղությունները

2025թ. դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Միության 3-րդ համագումարը, որտեղ համագումարի պատվիրակներին ներկայացվեց անցած հինգ տարիների ընթացքում Արհմիության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկուցումը, ինչպես նաև տեղի ունեցավ Արհմիության ղեկավար և գործադիր մարմինների ընտրություններ:


Ընդանրացնելով անցած հինգ տարիների աշխատանքը, Արհմիության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը նշեց, որ չնայած Ընկերության կրած ֆինանսա-տնտեսական դժվարություններին, որոնք ծագել են հաշվետու ժամանակաշրջանում, այդուհանդերձ աշխատողների միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 12,8%-ով և ընթացիկ տարվա վերջում այն կհատի 300 000 դրամի սահմանագիծը: Այդ ամբողջ ընթացքում Ընկերությունում հաստիքների կամ աշխատատեղերի կրճատում չի եղել, չի եղել աշխատավարձի վճարման ուշացումներ:



«ՀԿԵ» ՓԲԸ-ում ամուր հիմքերի վրա է դրված սոցիալ-գործընկերային հարաբերությունները Գործատուի և Արհմիության միջև: Հաշվետու ժամանակաշրջանում Կոլեկտիվ պայմանագրով նախատեսված բոլոր սոցիալական պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ և ժամանակին:



Մասնավորապես, այդ փաստաթղթի շրջանակներում Արհմիության կողմից կազմակերպվել է աշխատողների և նրանց երեխաների ամառային հանգիստը առողջարարական և հանգստի գոտիներում, ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բուժման նպատակով, սոցիալապես անապահով աշխատողներին և առաջին դասարան հաճախող երեխաներին:



Արհմիության գործունեության կենտրոնում են եղել նաև աշխատողների աշխատանքի պաշտպանության և պայմանների բարելավման, սոցիալական նշանակության օբյեկտների բարեկարգման և սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանման հարցերը:
Նշվեց, որ Ընկերության տնտեսություններում զգալի աշխատանքներ են կատարվել աշխատողների աշխատանքի պաշտպանության, առողջ և անվտանգ պայմանների ապահովման, արտադրության կուլտուրայի և էթիկայի բարձրացման, սոցիալական նշանակության օբյեկտների պայմանների բարելավման ուղղությամբ:



Այս աշխատանքներում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև արհեստակցական կազմակերպությունները, հնարավորության սահմաններում աջակցել են հատկապես լոկոմոտիվային բրիգադների հանգստի տների և սենյակների բարեկարգման, արտադրական տեղամասերը անհրաժեշտ գույքով և կենցաղային տեխնիկայով ապահովվածության ուղղությամբ:



Համագումարը Արհմիության հինգ տարվա աշխատանքները գնահատեց բավարար և կազմակերպության ղեկավարի պաշտոնում միաձայն վերընտրեց Ալբինա Մարտիրոսյանին:



«ՀԿԵ» ՓԲԸ Արհմիության նորընտիր ղեկավարը հավաստիացրեց, որ ջանք չեն խնայի պահպանելու կազմակերպության միասնականությունն ու համախմբվածությունը, կշարունակեն գործունեությունը աշխատողների աշխատանքային, սոցիալ-տնտեսական իրավունքների և երաշխիքների պաշտպանության ուղղությամբ: