ՀԿԵ երեք աշխատակից կսովորեն Ռոստովի հաղորդակցության ուղիների համալսարանում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երեք աշխատակիցներ կընդգրկվեն ՌԴ կառավարության կողմից տրամադրված քվոտայով ուսման գործընթացում՝ Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանում, «Երկաթուղային տրանսպորտի շարժակազմ» մասնագիտությամբ:

Ուսման կանցնեն մերձքաղաքային գնացքների մեքենավար Մարտին Գալստյանը, ինչպես նաև բեռնատար և ուղևորատար էլեկտրաքարշերի մեքենավարների օգնականներ Վաչիկ Հակոբյանն և Հովհաննես Գրիգորյանը։ Հուլիսի 15-ին Երևանում՝ Ռուսական տանը, տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ռուսական բուհեր ընդունված ուսանողների պատվին։ Այս տարի մրցույթը եղել է առավել խիստ՝ պայմանավորված քվոտավորման նոր չափանիշներով։ Հայաստանը ստացել է ընդհանուր 280 կրթաթոշակային տեղ:


«Մեր երեք աշխատակիցները մեկնում են ուսման հենց իմ հարազատ քաղաք՝ Ռոստով, այն համալսարան, որի շրջանավարտն անձամբ ես եմ եղել։ Սա մեր երկաթուղու ապագան է, և հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք հնարավորություն ունենք աջակցելու մեր երիտասարդներին՝ ստանալու բարձրորակ կրթություն Ռուսաստանի առաջատար բուհերում», – նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։