Հաղթանակի 80-ամյակին նվիրված Հիշատակի ծառուղի՝ Միկոյան եղբայրների տուն-թանգարանի հարևանությամբ

Հայաստանում «Ռուսական տուն» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը համատեղ ծառատունկ իրականացրին Լոռի մարզի Սանահին գյուղի Միկոյան եղբայրների տան հարևանությամբ՝ տնկվեց Հիշատակի ծառուղի։ Տուն-թանգարանը նվիրված է հայտնի երկու սանահինցիների՝ խորհրդային խոշորագույն գործիչ Անաստաս Միկոյանի և նրա եղբոր՝ ավիաշինարար Արտեմ Միկոյանի կյանքին ու գործունեությանը։


Միջացառմանը միացան Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպության «Նոր սերունդ» նախագծի անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, կամավորներ: Թանգարան այցելեցին նաև Անաստաս Միկոյանի թոռը՝ հայտնի երգահան, կոմպոզիտոր և կինոգործիչ Ստաս Նամինը։ Նա հետաքրքիր դրվագներ պատմեց իր պապի կենսագրությունից և խոստացավ աջակցություն ցուցաբերել թանգարանին։



Հայաստանում «Ռուսական տան» ղեկավարի ժ/պ Վիկտորյա Դերիպասկոն տեղեկացրեց, որ կենսածառերի ծառուղին տնկվեց չորացած տոսախների փոխարեն: «Մենք համախոհներ էինք փնտրում ծառուղու վերականգնման համար և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համատեղ գնեցինք տնկիներ, կամավորներ հրավիրեցինք Հայաստանում ՌԴ դեսպանատան դիվանագետների թվից, Հայաստանում «Ռուսական տուն» կազմակերպությունից, 102 ռազմաբազայից, ՀԿԵ ընկերությունից և «Նոր սերունդ» նախագծի անդամներից։ Եկանք և տնկեցինք 80 կենսածառ», - նշում է Դերիպասկոն։ Նրա խոսքով, կենսածառը կայուն է տարբեր հիվանդությունների նկատմամբ, գեղեցիկ է աճում և երկար տարիներ կուրախացնի տեղացիներին ու զբոսաշրջիկներին։



ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի խոսքով, 80 կենսածառերը խորհրդանշում են Մեծ Հաղթանակից անցած 80 տարիները։ «Մեզ հաճելի է, որ մենք այսօր այստեղ ենք, Մեծ Հաղթանակի 80-ամյակին գտնվում ենք Միկոյան եղբայրների տուն-թանգարանում, որոնք մեծ ներդրում են ունեցել Հաղթանակի և Խորհրդային Միության կայացման գործում։ Մենք ընդանուր անցյալ ունենք ու գնահատում ենք այն ավանդը, որ ունեցել են մեր ժողովուրդները, այդ թվում՝ երկաթուղայինները մեր ընդանուր հաղթանակի գործում։ Ուստի այս աշխատանքը չէր կարելի չիրականացնել: Հուսով եմ, որ այս տնկիները կաճեն և հաճելի հույզեր կառաջացնեն թանգարանի այցելուների սրտերում՝ ևս մեկ անգամ հիշեցնելով նրանց մեր մեծ անցյալի մասին», - նշեց Մելնիկովը։