Ուժեղ ամպրոպի պատճառով ապրիլի 29-ին ուշացել են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքները

Ապրիլի 29-ին երեկոյան, ուժեղ ամպրոպի և դրա արդյունքում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, խաթարվեց Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների ժամանակացույցը:


Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան էլեկտրագնացքները, որոնցում գտնվում էին 128 ուղևորներ՝ այդ թվում Գյումրիից էքսկուրսիայից վերադարձող դպրոցականներ, ստիպված էին կանգնել Արագած կայարանում և Բագրավան-Աղին վազուրդում` վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:


Արդյունքում էլեկտրագնացքները նպատակակետեր ժամանել են գրեթե 4 ժամ ուշացումներով:



Հաշվի առնելով ուշացումը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կազմակերպել էր ուղևորների տեղափոխումը տուն տաքսիներով:



«ՀԿԵ» ՓԲԸ-ն ներողություն է խնդրում ուղևորներից՝ պատճառած անհանգստության համար: