Նորություն

11-07-2023

«Երևան» կայարանի այցելուներն այսուհետ կարող են օգտվել ուղեբեռի պահպանման ծառայությունից


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորներն ու այցելուներն այսուհետ կարող են օգտվել «Երևան» կայարանի տարածքում գտնվող իրերի պահպանման խցիկի ծառայությունից:

Խցիկը նախատեսված է ուղևորների և այցելուների ձեռքի ուղեբեռը կամ իրերը ժամանակավորապես պահելու համար: Այն հասանելի է երեք տարբեր չափսերով: Իրերի պահման խցիկում արգելվում է թողնել պայթուցիկ, թունավոր ,ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և քաղաքացիական ազատ շրջանառության համար արգելված այլ իրեր ու նյութեր՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այդ թվում ՝ ցանկացած տեսակի զենք, զինամթերք և դրանց բաղկացուցիչ մասեր, հրդեհավտանգ, դյուրավառ, թունավոր և ուժեղ հոտ ունեցող նյութեր, ձայնային և աղմուկի էֆեկտներ վերարտադրող առարկաներ, կենդանիներ և թռչուններ, արագ փչացող մթերքներ ։ Փոքրածավալ բեռների պահպանման արժեքը կազմում է օրական 3 հազար դրամ (2 հազար 12 ժամ), միջին ե՝ 3750 դրամ (2,5 հազար 12 ժամ), խոշոր ՝ 4500 դրամ (3 հազար 12 ժամ)։ Պահպանման համար ընդունվում են հեշտությամբ տեղափոխվող և խցերում տեղավորվող իրեր: Ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ընդունումը տեղի է ունենում կայարանի հերթապահի ծառայողական սենյակում, տեսողական ստուգման և տեսահսկման սարքերի առկայությամբ։ Արգելված իրերի թողնելը կանխելու համար ուղեբեռի պարունակությունը ենթակա է պարտադիր տեսողական ստուգման կայարանի հերթապահների կողմից,եթե այցելուն հրաժարվում է ներկայացնել ձեռքի ուղեբեռի պարունակությունը, ապա չի թույլատրվում տեղադրել խցիկում:

Ձեռքի ուղեբեռը կամ ուղեբեռը պահպանման խցիկում տեղադրելիս գանձվում է կանխավճար՝ նախապես հայտարարված ուղեբեռի պահման ժամանակի չափով: Ուղեբեռը ընդունվում է այն անձանցից, ովքեր ներկայացնում են իրենց ինքնությունը հաստատող փաստաթուղթ: Այցելուն փակում է խցիկը այն բանալիով, որը մնում է իր մոտ, իսկ երկրորդ հսկիչ բանալիով խցիկը փակում է կայարանի հերթապահը, եթե խցիկը ազատվում է վճարված ժամկետից շուտ, ժամանակի տարբերության արժեքը չի վերադարձվում:

Իրերը հետ ստանալիս, սեփականատիրոջ պահանջով, կատարվում է դրա կրկնակի ստուգում: Այցելուի կողմից նախապես հայտարարված և վճարված ժամանակից ավելի երկար իրերը պահելու դեպքում վերջինս վճարում է լրացուցիչ ժամանակի արժեքը:

Կորցրած բանալիի համար այցելուից գանձվում է տուգանք ' լրացված ձևաթղթի հիման վրա: Խցիկի բացումը և ուղեբեռի վերադարձն իրականացվում է կայարանի պետի և «ՀԿԵ» ՓԲԸ Անվտանգության ծառայության աշխատակիցների ներկայությամբ: Եթե այցելուն ժամանակին չի ազատում խցիկը, պայմանագրում նշված պահման ժամկետը լրանալուց 24 ժամ անց կայարանի պետը հայտարարություն է ներկայացնում ՀԿԵ-ի Անվտանգության Ծառայությանը: Անվտանգության ծառայության աշխատակցի ներկայությամբ կատարվում է խցիկի բացում և իրերի զննում ՝ համաձայն ընկերության գործող հակաահաբեկչական միջոցառումների, եթե խցիկի պարունակությունը վտանգ չի ներկայացնում, ապա մեկ ամսով նորից խցիկը փակում են։ Եթե մեկ ամսվա ընթացքում իրերի սեփականատերը հայտնաբերվում է, ապա նրանից գանձվում է իրերի պահպանման ամբողջ ժամանակահատվածի պարտքի գումարը:

Նկարներ