Թանգարան

Հայաստանի երկաթուղու թանգարան

Հայաստանի երկաթուղու թանգարանը բացվել է Երևանի կայարանում 2009 թ. հուլիսի 31-ին: Աշխատանքի տարիների ընթացքում թանգարանում հավաքվել է ծավալուն ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի երկաթուղու պատմությանը, որը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշեց կառուցել Թբիլիսի - Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվեց 1896 թ.-ին, իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ ժամանեց 1899 թվականի ձմռանը:

Դրանից հետո սկսվեց Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման հանձնվեց 1902 թվականին:
Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ:
Հայաստանի երկաթուղին ակտիվորեն զարգանում էր խորհրդային տարիներին, չնայած հեղափոխությունից և քաղաքացիական պատերազմից հետո առաջին տարիների դժվարություններին:

Հայրենական Մեծ պատերազմի տարիները հատուկ փորձություն էին հայկական երկաթուղու համար, երբ սովետական երկաթուղայինները տեղափոխեցին 20 միլիոն վագոն, վերականգնեցին 120 հազար կիլոմետր երկաթուղային գծեր, 13 հազար փոքր և մոտ 3 հազար խոշոր կամուրջներ: 1942-ի գարնանը Հայկական ՍՍՀ աշխատավորների միջոցներով կառուցվել էր «Սովետական Հայաստան» թիվ 701 զրահապատ գնացքը:
Անկախացումից հետո Հայաստանը հայտնվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ, և մինչ այժմ հանրապետության երկաթուղային կապը արտաքին աշխարհի հետ իրականացվում է Վրաստանի տարածքով:

Հայաստանի երկաթուղու թանգարանում հավաքագրված ցուցանմուշները ներկայացնում են հայկական երկաթուղային տրանսպորտի ողջ պատմությունը: Այստեղ ներկայացված են Հայաստանում երկաթուղու կառուցման վերաբերյալ պատմական փաստաթղթերի կրկնօրինակներ, հին գնացքների, այդ թվում Նիկոլայ II կայսրի գնացքի, լուսանկարները, հին և ժամանակակից գնացքների մակետներ, երկաթուղային սարքավորումներ: Այստեղ կարելի գտնել նաև հայկական երկաթուղու ներկայիս վիճակի վերաբերյալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ծրագրերի և նախագծերի մասին տեղեկատվություն:

Ի դեպ, խորհրդային տարիներին թանգարանը չէր գործում. միայն փոքրիկ ցուցահանդես էր ներկայացված գծերի վրա տեղակայված վագոնում: Հայաստանի երկաթուղու թանգարանի բացումից հետո այս ցուցահանդեսը տեղափոխվեց ցուցասրահ:
Թանգարանի տնօրենը Խորեն Ավետիսյանն է, ով 60 տարի ծառայել է հայկական երկաթուղում և ավելի քան 20 տարի եղել է Երևանի կայարանապետը:
Հարավկովկասյան երկաթուղում գործում է նաև Երկաթուղային տեխնիկայի թանգարանը, որը տեղակայված է Գյումրիում: Թանգարանը հանդիսավոր կերպով բացվել է Երկաթուղայինի օրը` 2013 թվականի օգոստոսի 4-ին:

Թանգարանում ներկայացված է ցարական ժամանակաշրջանում, սովետական տարիներին և ներկա փուլում Հայաստանի երկաթուղում շահագործվող տեխնիկան:
Ամենահին ցուցանմուշն է ավելի քան մեկ դար պատմություն ունեցող և ցարական ժամանակաշրջանում ու խորհրդային տարիներին շահագործվող շոգեքարշը:

Ցուցահանդեսում ներկայացված է 1910 թվականի արտադրության մոտ 53 տոննա քաշ ունեցող 3-վագոնանոց գնացքը: Ցուցանմուշների մոտ տեղադրված են հատուկ ցուցանակներ՝ նկարագրություններով և բնութագրերով:
Թանգարանը ոչ միայն պատմական տեխնիկայի հավաքածու է և երկաթուղային տրանսպորտի զարգացման ապացույց, այլև ուսումնական հարթակ Գյումրու պետական տեխնիկական քոլեջի ուսանողների համար: Ի դեպ, թանգարանը բաց է բոլորի համար:

Եկաթուղու ևս մեկ տեսարժան վայրն է «Թումանյան» կայարանը, որտեղ, Հովհաննես Թումանյանի ծննդյան 144-ամյակի օրը, բացվել է բանաստեղծի կիսանդրին և հուշահամալիրը: Կիսանդրու հեղինակն է Սևոն (Սարգիս Գարիբյան):
Հայ մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի անունը կրող կայարանը ոչ միայն երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտ է, այլև Հայաստանի պատմական և ճարտարապետական ժառանգության, հարուստ պատմության մի մաս:

Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 80

+37499 400 128