ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

09-05-2026

Երկաթուղայինները ծաղկեպսակներ են դրել Անմար կրակի մոտ


Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, վետերան երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակներ խոնարհելով զինվոր-երկաթուղայինների հուշարձանին Ազատամարտիկների այգում և անհայտ զինվորի գերեզմանին՝ Հաղթանակի զբոսայգում:

Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում հավաքված վետերաններն ու ՀԿԵ աշխատակիցները ծաղիկներ դրեցին պատերազմներում զոհված երկաթուղայինների հուշակոթողին: Հաղթանակի զբոսայգում երկաթուղայինների պատվիրակությունը ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի մոտ:

Բացի այդ, Երևանի կայարանում անցկացվեց «Գեորգիևյան ժապավեն» ավանդական ակցիան։

Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում մարտնչել են շուրջ 600.000 հայեր, որոնցից շուրջ 300.000-ը զոհվել են: Շուրջ 60 հայ գեներալներ ղեկավարել են Կարմիր բանակի խոշոր կազմավորումները, ընդհուպ մինչև բանակներ ու ռազմաճակատներ։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները ռազմաճակատի համար տեղափոխել են բեռներով լի 20 միլիոն վագոն, ապահովել բնակչության և արտադրությունների տարհանման ողջ գործընթացը թիկունքում, վերականգնել և կառուցել 120 հազար կմ երկաթուղային գիծ:

1942 թվականի գարնանը ՀԽՍՀ աշխատավորների հանգանակած միջոցներով Մոսկվա-Ուղևորային-Հոկտեմբերյան դեպոյի արտադրամասերում հավաքվել է №701 «Սովետական Հայաստան» զրահագնացքը, որը 1942 թվականի օգոստոսին հանձնվել է 62-րդ առանձին զրահագնացքների դիվիզիոնին։ «Սովետական Հայաստանը» կռվել է Կալինինի ռազմաճակատի 22-րդ բանակում, մասնակցել Վելիկիե Լուկիի, Նովոսոկոլնիկների և Բալթյան երկրների մարտերին։

Նկարներ