ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

09-02-2026

Ներդրում ապագայի մեջ. ՀԿԵ-ում ընտրվել է Երիտասարդական խորհրդի ղեկավար կազմը


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացել են ընկերության Երիտասարդական խորհրդի ղեկավար կազմի ընտրությունները։ Խորհրդի նախագահ է ընտրվել Երևանի կայարանային և հարթակային համալիրի պահպանման տեղամասի ղեկավար Նորայր Մկրտչյանը, իսկ տեղակալ՝ «Այրում» կայարանի պետի տեղակալ Արա Չիլինգարյանը։

Նոր ընտրված ղեկավար կազմը նպատակ ունի զարգացնել ընկերությունում իրականացվող երիտասարդական քաղաքականությունը՝ նպաստելով երիտասարդ աշխատակիցների արդյունավետ ինտեգրմանը աշխատանքային միջավայրում, բարձրացնելով նրանց մոտիվացիան, խթանելով նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը և առաջնորդական հմտությունների զարգացումը, ինչպես նաև աջակցելով նորարարական մտածողությանը։

Երիտասարդական խորհուրդը նախատեսում է շարունակել ակտիվ միջազգային համագործակցությունը, ինչպես նաև իրականացնել կրթական և զարգացմանն ուղղված ծրագրեր։

ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը կարևորել է երիտասարդների հետ տարվող նպատակային աշխատանքը՝ ընդգծելով դրա նշանակությունը նրանց մասնագիտական զարգացման գործընթացում։

«Երիտասարդ մասնագետները պետք է տեսնեն կարիերային աճի հեռանկարները, նրանց անհրաժեշտ է ուսուցանել և նրանց հետ կիսվել մասնագիտական և կյանքի փորձով։ Այսօր ընկերությունում աշխատում է շուրջ 500 երիտասարդ մասնագետ, որոնց թվում կան թե՛ երկաթուղայիններ, թե՛ տասնյակ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ ապագա ղեկավարներ։ Ընկերությունը պարտավոր է նրանց ապահովել առավելագույն հնարավորություններով՝ մասնագիտական և կարիերային աճի համար։ Սա արժեքավոր ներդրում է Հայաստանի երկաթուղու և նրա մասնագետների ապագայի մեջ», — նշել է Ա. Մելնիկովը։

Նշենք, որ ՀԿԵ-ի երիտասարդական քաղաքականության շրջանակում ընկերության մասնագետները կրթություն են ստանում և բարձրացնում իրենց որակավորումը Հայաստանի և Ռուսաստանի բուհերում, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կորպորատիվ համալսարանում։ Բավականին ակտիվ են նաև միջազգային միջոցառումների շրջանակում շփումները։ Մասնավորապես, 2025 թվականի դեկտեմբերին ՀԿԵ-ի երիտասարդների ներկայացուցիչները ղազախ գործընկերների հրավերով մասնակցել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» ազգային ընկերության (Ղազախստանի երկաթուղային օպերատոր) երիտասարդական ֆորումին։

Նկարներ