Նորություն
Հայաստանի երկաթուղայինները նշեցին մասնագիտական տոնը
Հայաստանի երկաթուղայինները նշել են իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։ Այդ կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, ինչպես նաև խրախուսվել ու պարգևատրվել են լավագույն աշխատակիցները։
Շնորհավորանքներ Հայաստանի երկաթուղայինները ստացել են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունից, ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև հենց «ՀԿԵ» ընկերությունից և նրա արհմիությունից։
ՀԿԵ երեք աշխատակիցներ՝ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, լոկոմոտիվի մեքենավար-ինստրուկտոր Երվանդ Ոսկերչյանը և Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը արժանացան «Պատվավոր երկաթուղային» կոչմանը։
«ՀԿԵ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհավորեց գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
«Ընկերությունը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության, նրա պետական հաստատությունների, տնտեսության և հասարակության առաջ։ Դա, անշուշտ, մեր ողջ կոլեկտիվի, մեր մեծ ու միասնական երկաթուղային ընտանիքի արժանիքն է», – ընդգծեց Ալեքսեյ Մելնիկովը։ Նա շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իրենց աշխատանքի ու մասնագիտական նվիրվածության համար՝ մաղթելով անվտանգ ու անխափան աշխատանք, ուժ ու առողջություն։
«ՀԿԵ» արհմիությունների միության ղեկավար Ալբինա Մարտիրոսյանն իր հերթին ևս շնորհավորեց կոլեկտիվին՝ ներկայացնելով ընկերության արհմիության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը և աշխատակիցների սոցիալական պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։