Նորություն
ՀԿԵ-ն և ՆԳՆ-ն կհամագործակցեն վտանգավոր բեռների տեղափոխման ընթացքում առաջացող վթարային իրավիճակների վերացման գործում
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ ուղղված երկաթուղային ենթակառուցվածքում վտանգավոր բեռների տեղափոխման ընթացքում հնարավոր վթարային իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանը։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ՆԳՆ փոխնախարար, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը և ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Ստորագրման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության կարգը՝ ուղղված վտանգավոր բեռների տեղափոխման ընթացքում հնարավոր վթարային իրավիճակների կանխարգելմանն ու արդյունավետ արձագանքմանը։
Համաձայնագիրը մշակվել է՝ ելնելով ՀՀ կառավարության որոշման պահանջներից՝ «Վտանգավոր բեռների ցանկը և դրանց երկաթուղային տեղափոխման կարգը հաստատելու մասին», ինչպես նաև՝ երկաթուղային տրանսպորտի միջպետական խորհրդի կողմից հաստատված «Վտանգավոր բեռների երկաթուղային տեղափոխման կանոններից»։