ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

02-06-2025

Երկար սպասված մանկապարտեզը կկառուցվի Ֆիոլետովո գյուղում


Պատմական մոլոկանաբնակ Ֆիոլետովո գյուղում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն, որը խորհրդանշում է ռուս-հայկական համագործակցության նոր մակարդակ։ Հայկական արևի ներքո, կանաչ բլուրների միջև, համախմբվել էին երկու երկրների գործընկերության առաջատար ներկայացուցիչները՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, «ՌՄԱ» հիմնադրամի տնօրեն Սերգեյ Շևչուկը, ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարե Թադևոսյանը, ՀԿԵ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պրոշկինը, Հայաստանում «Ռուսկի Դոմ»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևը։

Այնուամենայնիվ, օրվա իրական հերոսները կոստյումներով ու պաշտոնական ժեստերով չէին առանձնանում։ Նրանք երեխաներն էին՝ ժպիտներով, թեթև գլխարկներով և օդապարիկներով։ Նրանց ապագայի համար է իրականացվում այս ամենը։ Ֆիոլետովոյում մեկնարկեց «Ռուսաստանը ձեր հետ է» նախաձեռնության ամենակարևոր և նշանակալից ծրագրերից մեկը՝ նոր մանկապարտեզի շինարարությունը։ Դա պարզապես շինություն չէ՝ այն դառնալու է վստահության, ջերմության և հոգատարության խորհրդանիշ։

Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար՝ ընդհանուր 400 քմ մակերեսով։ Նախագծում ընդգրկված են հարմարավետ ննջասենյակներ, խաղերի և սպորտի սրահներ, բժշկական կաբինետ։ Ամեն ինչ արվել է խելամիտ և սիրով՝ ի շահ երեխայի։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովն իր ողջույնի խոսքում նշեց․ «Ֆիոլետովոն եզակի վայր է՝ հարուստ պատմությամբ և ամուր ավանդույթներով։ Այստեղ ապրում են մոլոկաններ, ովքեր պահպանել են իրենց հավատքը, մշակույթն ու բարիդրացիական ոգին։ Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանը հիշում է ձեզ, սիրում է ձեզ և գնահատում է։ Դուք պահպանում եք մեր լեզուն ու ժառանգությունը, և դա մեծ գործ է։ Այս նախագիծը ևս մեկ հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես կարելի է արդյունավետ, արագ և օգտակար կերպով իրականացնել կարևոր սոցիալական նախաձեռնություններ»։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում հավելեց․ «Այն, ինչ այսօր իրականացվում է այստեղ, հանդիսանում է Ռուսաստանի ազգային առաջնահերթությունների՝ ընտանիքի և մանկության պաշտպանության քաղաքականության կենդանի արտահայտությունը։ Վստահ եմ, որ մանկապարտեզը դառնալու է հաջող ներդրման օրինակ մեր համատեղ ապագայի մեջ՝ ինչպես մոլոկան համայնքի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և ռուս-հայկական հարաբերությունների համար»։

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը ևս կարևորեց նախաձեռնության դերը՝ նշելով․ «Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն են կրթական հաստատությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված քաղաքականությունը»։ Միջոցառման ընթացքում հայտնի գրող և լրագրող Մարկ Գրիգորյանը ներկայացրեց մոլոկանների մասին հազվագյուտ գրքի վերահրատարակությունը՝ լուսաբանելով նրանց կենցաղը, հավատը և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթները։

Եվ եթե երբևէ աշխարհը ձեզ փորձության առաջ կանգնեցնի, պարզապես այցելեք Ֆիոլետովո։ Այն գուցե չպատասխանի ձեր բոլոր հարցերին, բայց կհիշեցնի մի կարևոր բան՝ դուք մենակ չեք։ Ձեզնից առաջ արդեն եղել են մարդիկ, ովքեր ընտրել են լույսը և այն փոխանցել ապագա սերունդներին։

Նկարներ