ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

07-05-2025

Հարգելի գործընկեր երկաթուղայիններ


Այսօր մենք նշում ենք մեր ընդհանուր Հաղթանակի 80-ամյակը ֆաշիստական զավթիչների նկատմամբ՝ Հայրենական մեծ պատերազմում։ Մեր սրտերում պահում ենք միլիոնավոր մարդկանց՝ մեր նախնիների, հարազատների, ընկերների, հայրենակիցների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհել մեր ներկայի և ապագայի համար՝ հանուն մեր ավանդույթների, մշակույթի, կրոնի պահպանման և պարզապես կյանքի իրավունքի պաշտպանության համար։

Անցել է արդեն 80 տարի, գրեթե մեկ դար, սակայն մենք շարունակում ենք հիշել մեր հայրերի, եղբայրների և քույրերի հերոսությունն ու արիությունը։ Ժողովրդական հիշողությունը սերունդների միջով փոխանցել ու պահպանել է հավերժ ապրելու և ճշմարտության ձգտելու խորհրդանիշները, որոնք արտահայտում են ոչ թե անցողիկ զգացումներ, այլ մեր խորապես արմատավորված ազգային ու մարդկային արժեքները։

Հատուկ ընդգծման է արժանի երկաթուղայինների ներդրումը հաղթանակի կերտման գործում։ Մենք հավերժ երախտապարտ ենք նրանց, ովքեր զոհվել են ռազմաճակատներում՝ մասնավորապես Լենինգրադի շրջափակումը ճեղքելու գործողություններում, ինչպես նաև նրանց, ովքեր թիկունքում անխոնջ աշխատել են՝ ռազմաճակատն ապահովելով անհրաժեշտ նյութական միջոցներով, և նրանց, ովքեր հետպատերազմյան տարիներին մասնակցել են երկրի վերականգնմանը՝ վերակառուցելով երկաթուղային հաղորդակցությունը։ Ցավոք, այսօր մեզ հետ են միայն քչերը այդ ժամանակաշրջանի երկաթուղայիններից, բայց նրանց հիշատակը շարունակում է ծառայել որպես ուղենիշ նոր սերունդների համար, որոնք շարունակում են պայքարը՝ արդեն խաղաղ դաշտում։

Հայ երկաթուղայինները նշանակալի դերակատարում են ունեցել հաղթանակի ապահովման գործում՝ մասնակցելով լենդ-լիզյան բեռների տեղափոխմանն Իրանի և Հարավային Կովկասի տարածքով։

Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում մարտնչել է շուրջ 600 հազար հայ, որոնցից կեսը զոհվել է։ Կարմիր բանակում ծառայել է 60 հայ ծագումով գեներալ, իսկ ավելի քան 70 հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվել են ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։ 106 հայ զինվորական արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը։

Շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ։ Հավատացած եմ, որ մեր ընդհանուր պատմությունը կհարստանա նոր հաղթանակներով։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ա.Վ.Մելնիկով

Նկարներ